
Խնդրահարույց կետերը. Auroranews-ը ուսումնասիրել է փաստաթուղթը

Ստորագրվելիք եռակողմ հայտարարության տեքստում չի նշվում որևէ տարծքի զիջման մասին: Սակայն կան մի քանի խնդրահարույց կետեր:
Ուշագրավ է, որ փաստաթղթում Նիկոլ Փաշինյանը ներկայացված է, ոչ թե որպես վարչապետի պաշտոնակատար, այլ վարչապետ: Կապ հաստատելով ԱԳՆ մամուլի բաժին, տեղեկացանք, որ ինչպես ԱԳՆ-ն իր տարածած հայտարարություններում, այնպես էլ միջազգային փաստաթղթերում պետք է նշվի այն կարգավիճակը, որում դե յուրե գտնվում է պաշտոնյան: Այսինքն, պետք է նշվեր վարչապետի պաշտոնակատար, սակայն...
Մյուս խնդրահարույց կետն այն է, որ առաջին կետով նախատեսվում է ընդունել պետությունների պետական սահմանները: Սա նշանակում է, որ Հայաստանը ընդունելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառյալ Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշին ու Հադրութը:
Հավելենք նաև, որ փաստաթուղթը հրապարակվել է հիմա, սակայն պետությունների ղեկավարների կողմից հանձնաժողովը ձևավորվելու է մինչև հունիսի 30-ը, իսկ արդյունքները ներկայացվելու է հանձնաժողովի նիստից հետո` մեկամսյա ժամկետում: Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն Հայաստանում անցկացվելու են հունիսի 20-ին:
Հատկանշական է, որ համաձայն ադրբեջանական աղբյուրներում տարածված տեղեկության` փաստաթուղթը ստորագրվելու է այսօր ժամը 16։00-ին, իսկ ժամը 17։00-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղիղ եթեր է մտնելու Նիազմի Գյանջավի միջազգային կենտրոնից, որը հեռարձակվելու է «Ֆեյսբուքով» և «Յութուբով»։