«Աղբի ու կռիսի հոտից խեղդվում ենք, վիճակն այլևս անտանելի է». 16-րդ թաղամասի բնակիչներ
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի 23 շենքի բնակիչներն ամիսներով կուտակված աղբի ու սատկած առնետների հոտից որևէ ճար չեն գտնում: Քաղաքապետարանը և թաղապետարանը ոչ միայն այդ շենքի, այլև հարակից շենքերի աղբը տանելու հարցում բնակիչների բազմաթիվ զանգերին ու դիմումներին լուծում չեն կարողանում գտնել: Tert.am-ի հետ զրույցում բնակիչներից Մարիամ Խաչատրյանը հուզված պատմեց, որ առաջին հարկում են ապրում և անտանելի հոտից քուն ու դադար կորցրել են: «Աղբի ու կռիսի հոտից խեղդվում ենք: Ամբողջ ամառը էս հոտից խելագարվում ենք: Առաջներում էլ այնպես չի, որ կատարյալ աղբահանություն է եղել, երևի մեկ տարի հազիվ լինի, որ մեր շենքում Սանիթեքը նորմալ աղբահանություն է կատարել, բայց հիմա անտանելի է: Հիմա էլ, երևի, անընդհատ կռիսի դեղեր են լցրել, կերել՝ սատկել են, ամբողջ տարածքով մեկ, որտեղ նստում ես կռիսի հոտա գալիս, խեղդվում ենք»,-ասաց նա: Ըստ շենքի բնակչի՝ երկու ամսվա մեջ հազիվ երկու անգամ եկած լինեն՝աղբը տանելու, այն էլ ոչ ամբողջապես: «Ընդհանուր աղբահանություն չեն արել, որ մաքրեն, ամբողջը տանեն, մի մասը մնացել է: Շենքի աղբատարի «բունկերից» ամիսներով աղբ չեն հանել, աղբատարն էլ խցանված վիճակում է: Քաղաքապետարան բազմաթիվ խնդրանքներից ու դիմումներից հետո եկան, էքսկավատորներով աղբը տարան շուրջ 10 օր առաջ, բայց բուն շենքի մեջ գտնվող աղբը մի ամսից ավել խցանված է մնացել աղբատարներում: Այսինքն՝ տարել են այն աղբը, որ շրջակայքում մարդիկ ձեռքով բերել, լցրել են, իսկ խողովակից, որ գալիս է, լցվում, դա մնացել է»,-ասաց նա: Մարիամ Խաչատրյանը նշեց, որ ստիպված ինքն է նախաձեռնել բնակիչների ջանքերով լուծում տալ խնդրին: «Ստիպված նախաձեռնել եմ, որ մենք մեր միջոցներով քայլեր ձեռնարկենք, քանի որ հույս դնել չի կարելի, մարդիկ ենք գտել, որ գան, խցանումը բացեն: Հիմա երեկ եկել են, խցանումը բացել, բայց էդ մարդիկ էլ ասում են, որ մենք բունկեր չենք մտնի, աղբ հանենք: Բանվոր էլ չի ճարվում, ուղղակի չեն գալիս, նույնիսկ՝ փողով: Ես չեմ մեղադրում ոչ մեկին, որովհետև առանց հակագազի չեն կարող մտնել այդ տարածք, ինչու պետք է մարդ մտնի, հասնի էնտեղ, ամիսների կուտակված աղբը հանի, առանց հակագազի, առանց որևիցե բանի, էդ մարդն էլ է մեղք, չէ՞, ես ամբողջ գիշեր չեմ քնել: Կողքի հարևանն ամբողջ գիշերն էդ հոտից փողոցներում է անցկացրել»,-ասաց նա: Բնակիչը նշեց, որ եթե քաղաքապետարանից սկզբում որևէ լուծում փորձում էին առաջարկել՝ մատնանշելով, որ խնդիրը Սանիթեքի հետ է կապված, հիմա ընդհանրապես զանգերին չեն պատասխանում: «Մեռանք զանգելով քաղաքապետարան, դեպուտատի էլ ենք զանգել, ասում են՝ հա կանենք: Էն ժամանակ էնքան ասեցինք, եկան, տարան, դրանից հետո ոչ էլ պատասխանում են»,-ասաց նա: Ի դեպ, Մարիամ Խաչատրյանը նշեց, որ աղբահանության գումարը վճարում են: «Ես վեց ամսվա գումարը միանգամից վճարել եմ, բայց եթե ասեն, որ կան մարդիկ, որ աղբի գումար չեն վճարում և դրա համար էլ այսպես է լինում՝ կփորձենք լուծել, թող տուգանք դնեն դրանց վրա: Կամ թող գան, ասեն խողովակը պետք է փակել, քանի որ բանվոր չենք ճարում, ձեր խողովակը փակեք, որոշեք՝ որտեղ եք դնում ձեր աղբը»,-ասաց նա: Ըստ Մարիամ Խաչատրյանի՝ միայն աղբահանության խնդիրը չէ, մյուս բոլոր հարցերում էլ վիճակը շատ ավելի վատ է: «Հիմա ավելի վատ վիճակ է, ինչ են անում, իբրև թե սկսել են կանաչ տարածքը նոր-նոր ջրել, տրուբաները ծակել են, ջուրն աննպատակ գնում է, ոչ թե ջրում: Ամբողջ այգին անմխիթար վիճակում է, ինչ ծառ կար, ամբողջը չորացել է, մարդու լաց է գալիս, էս ինչա կատարվում, էլ չեմ ասում անցյալ տարիներին չգիտեմ ինչ է եղել, բայց այս տարի ահավոր վատ է»,-ասաց նա: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդրին տիրապետում են և փորձում են լուծուներ գտնել: Ըստ նրա՝ գործող պայմանագրի համաձայն՝ Սանիթեք ընկերութունն է պարտավոր մաքրել Երևան քաղաքի ամբողջ աղբը: «Ձեր նշած դեպքը Սանիթեք ընկերության կողմից թույլ տրված ձախողման աղաղակող փաստն է, և այդ ձախողման դեպքերը համատարած են: Ավելին՝ Սանիթեք ընկերությունը վերջին օրերին ավելի է վատթարացրել իր աշխատանքը, որը համարյա հավասարեցված է զրոյի: Տեղերում, Աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի աշխատանքի շնորհիվ, փաստացի, քաղաքը կարողանում է խուսափել աղբային կոլապսից, նաև այդ աղբատար խողովակների մաքրման համար լրացուցիչ ուժեր են ներգրավել, որ ենթակապալառուներն անեն այն գործը, որը, ինչպես ասացի, ըստ պայմանագրի, պարտավոր է անել Սանիտեք ընկերությունը»,-ասաց նա: Ըստ Կարապետյանի՝ համայնքային հիմնարկներն այս պահի դրությամբ կոնկրետ բունկերը և աղբատար խողովակները մաքրելու ռեսուրս չունեն դեռ: «Մաքրում են աղբամանները, և Սանիթեքի աշխատանքի թերացումը հենց այդ աղբատար խողովակների վրա է զգացվում, ու այն վարչական շրջաններում, որտեղ շատ են նման կարգի շենքերը»,-ասաց նա և հավելեց, որ կոնկրետ նշված հասցեում խնդիրը լուծելու համար կփորձեն թաղապետի միջոցով լուծման տարբերակ գտել: