Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտն անհիմն է և չպատճառաբանված. պաշտպանական խումբ
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տարածել է հայտարարություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Դատարանն արձանագրել է, որ կաշառքի դրվագով հիմանավոր կասկածն առկա չէ, ինչպես նաև հաստատվում է, որ Ռոբերտ Քոչարյանը 2018թ․ օգոստոսի 13-ից դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է ազատության մեջ, չի խուսափել քննությունից ինչը հաստատում է, որ կալանավորման այդ հիմքը բացակայում է:
Դատական ակտի հրապարակումից հետո պաշպանական խմբին տրամադրվել է դատարանի որոշումն, որում առկա հիմնավորումների նախնական ուսումնասիրմամբ պարզ է դառնում, որ դատարանը չի անդրադարձել պաշտպանական խմբի ներկայացրած մի շարք փաստարկներին:
Մասնավորապես, դատարանը չի անդրադարձել այն հիմնավորումներին, որ արտակարգ դրության հրամանագրի ստորագրումը նախագահի կողմից եղել է իրավաչափ, համապատասխանել է ՀՀ օրենսդրությանը, բխել է նախագահի լիազորություններից, ուստի չի կատարվել որևէ ապօրինի գործողություն:
Դատարանը չի անդրադարձել նախագահի անձեռնմխելիության ինստիտուտին՝ թեև պաշտպանները ծավալուն իրավական հիմնավորումներ են ներկայացրել այն մասին, որ հանրապետության նախագահն անձեռնմխելի է և որ այս փուլում անձեռնմելիությունը հերքելն անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում է:
Ռոբերտ Քոչարյանին չէր կարող ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով մեղադրանք առաջադրվել այն պարզ պատճառով, որ հիշյալ հոդվածով նախատեսված հանցակազմ գոյություն չի ունեցել 2008 թվականին, այսինքն՝ արարքը, եթե նույնիսկ կատարված լիներ այդ ժամանակահատվածում հանցագործություն համարվել չէր կարող՝ ինչը խափանման միջոցը կիրառելու բացառող ակնհայտ հանգամանք է:
Պաշտպանական խմբի կողմից դատարանին ներկայացվել են ապացույցներ միևնույն դեպքերի կապակցությամբ, որոնցով փաստվում է, որ դեռևս տարիներ առաջ այլ անձանց հանդեպ հիշյալ հոդվածը չի կիրառվել, իսկ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվում է՝ հետևաբար վերջինիս հանդեպ դրսևորվում է կանխակալ և խտրական վերաբերմունք:
Ծավալուն իրավական հիմնավորումներ է ներկայացվել նաև առ այն, որ Զինված ուժերը կարող էին օգտագործվել 2008 թվականին գործող օրենսդրության համաձայն՝ ինչին դատախազները և քննիչը որևէ առարկություն չեն ներկայացրել, սակայն դատարանն այս հիմնավորմանը կրկին չի անդրադարձել:
Ընդհանրապես դատական ակտում պատճառաբանական մասը գրեթե բացակայում է՝ դատարանը պարզապես վերաշարադրել է քննիչի միջնորդությամբ ներկայացված նյութերի անունները և նշել, որ դրանցով հաստատվում է հիմնավոր կասկածն առ այն, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է կատարած լինել իրեն մեղսագրվող արաքը:
Բացի վերոգրյալ հիմնավորումները, դատարանին կետ առ կետ ներկայացվել է, որ ՀՔԾ քննիչի միջնորդությունը և հիմնավոր կասկածի առկայությունը չի հաստատվում քննիչի ներկայացրած նյութերով․ հակառակը՝ քրեական գործի նյութերից պաշտապանները դատարանին են ներկայացրել նյութեր և ապացույցներ, որոնք ուղղակիորեն բացառում են հիմնավոր կասկածի առկայությունը: Այս փաստարկներին ևս դատարանը որևէ կերպ չի անդրադարձել:
Դատարանին պաշտպանները դիրքորոշում են հայտնել, որ քրեական գործում առկա նյութերից հետևում է, որ որևէ անձ ցուցմունք չի տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, հակառակը՝ քրեական գործի նյութերով հաստատվում է պաշտպանական կողմի դիրքորոշումը՝ հետևաբար ոչ միայն որևէ հանգամանքով չի հաստատվում գործի քննության խոչընդոտելու հնարավորությունն այլև խոչընդոտելու փորձ կատարելու տրամաբանությունը:
Միևնույն ժամանակ քննիչը և դատախազները հրաժարվել են հայտնել և դատարանին ներկայացնել, թե կոնկրետ ում նկատմամբ և ինչպիսի ազդեցությամբ կարող է խոչընդոտ ստեղծվել գործի քննության համար, չեն նշել այնպիսի ապացույցներ, որոնք ուղղված են Ռոբերտ Քոչարյանի դեմ:
Դատարանը չի պատճառաբանել նաև, թե կոնկրետ ինչ հանգամանքով է պայմանավորված խոչընդոտելու հիմքի առկայությունը:
Պաշտպանական խումբը դատական ակտը համարում է անհիմն և չպատճառաբանված և սեղմ ժամկետներում վերաքննիչ բողոք է ներկայացվելու»: