«Հրազդան ցեմենտ» գործարանում 400-ից ավելի աշխատակիցներ պահանջում են աշխատավարձերը
Կոտայքի մարզի Հրազդան վարչական տարածքում գործող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի բակում են հավաքվել մեծ թվով քաղաքացիներ, որորնք պահանջում են, որպեսզի գործարանի ղեկավարությունը իրենց 1 ամսվա աշխատավարձը կանոնավոր վճարի, ինչպես որ կնքված է աշխատանքային պայմանագրով։ Այս մասին հայտնում է Shamshyan com-ը։ Գործարանի բակում հավաքված աշխատակիցները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասել են. «Արդեն մի քանի օր է, ցեմենտի զավոդի ղեկավարությունը մեզ հետ շուն ու կատու է խաղում. երևի գիտեն, որ այս տարի նշվումէ մեծն Լոռեցու՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը, դրա դոզայի տակ շուն ու կատու են խաղում՝ ամեն անգամ ասելով «ուրբաթ օրը համեցեք»։ Առավոտից իրիկուն կանոնավոր աշխատել ենք 380-400 հոգով; Մեր ուզածը մեր քրտինքով վաստակածն է։ Ամեն օր չենք կարող վարկային կազմակերպությանը, էլեկտրոցանցի տեսուչին, գազի տեսուչին էս զավոդի ղեկավարության նման խաբենք, թե վաղը վճարումները կանենք։ Էլ չենք ասում, որ խանութներից ամաչում ենք արդեն նիսյայով գոնե հաց գնենք։ Կան ընտանիքներ, որոնց անդամներն ունեն առողջական խնդիրներ, իսկ ո՞վ չգիտի, որ բժշկությունը նույնպես վճարովի է։ Իսկ առանց գումար ոչ մի հիվանդանոց մեր սիրուն աչքերի համար բժշկական օգնություն չի ցուցաբերի։ Տնօրեն Հայկազ Հովասափյանը առաջ գոնե մեր վերքին դարման էր լինում, հիմա ինչ-որ Խաչատուրով անունով մարդ է եկել, հայտնի հեքիաթի «յոթգլխանի հրեշի նման» նստել է հաշվապահության պռնկին ու հրաժարվում է մեր քրտինքով վաստակած գումարը վճարել։ Ստացվում է՝ այդ ոմն Խաչատուրովի «շնորհիվ» խաչ ենք քաշում մեր գումարի ու աշխատանքի վրա։ Մեր հույսը կառավարությունն է, ով կարող է միջամտել և խնդիրը լուծել և մենք ստանանք մեր աշխատավարձը։ Ավել գումար մենք չենք ուզում ու պահանջում։ Պարզապես պնդում ենք, որ ժամանակին վճարեն մեր աշխատավարձերը»։ Լրատվականը տեղեկացնում է, որ գործարանի ներսում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ներկայացած Սուրիկ Միքայելյանը հայտարարել է, որ իրենք մարտի 5-ին հնարավոր է՝ աշխատավարձը տան, պատճառաբանելով, որ ցեմենտը չի վաճառվում, դրա համար էլ իրենք տուպիկի առաջ են կանգնել։ Այդ պատասխանը աշխատակիցներին չի բավարարել։