
Արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները ՀՀ-ից համատարած, գլխապատառ գնում են՝ իրականության հետ կապ չունի. Փաշինյան

Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են՝ իրականության հետ կապ չունի։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ–ում 2023 թ պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ընդդիմության հայտարարություններին։
Մասնավորապես «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, վկայակոչելով ՀՀ–ում ՏՏ ոլորտի վիճակի վերաբերյալ վերջին խորհրդարանական լսումները, հայտարարեց, որ 2022 թ փետրվարից հետո ՀՀ ժամանած շուրջ 90 հազար մասնագետներից 75 հազարը արդեն լքել են երկիրը։
Փաշինյանը նշեց, որ 2024 թ–ի սկզբի համեմատ ՏՏ մասնագետների թեև փոքր, բայց աճ է նկատվում: Այդ պատճառով, ըստ նրա, հայտարարություններն այն մասին, որ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ կապ չունեն։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով` 2024 թ հունվարին ոլորտում պաշտոնապես աշխատանքի է տեղավորվել շուրջ 31 850 մարդ կամ 4,4 տոկոսով ավելի, քան 2023 թ հունվարին։ Այս ցուցանիշը վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներին: Բացի այդ, եթե մասնավոր հատվածում այդ ցուցանիշն աճել է մոտ 4 տոկոսով, ապա պետական հատվածում՝ ավելի քան երեք անգամ։