
Լրագրող Դարյա Դուգինայի սպանության ետևում Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչներն են. NYT

The New York Times-ը, վկայակոչելով ԱՄՆ հետախուզական ծառայությունների անանուն աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ «ռուսական աշխարհի» կրեմլամետ գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի դստեր՝ Դարյայի՝ ավտոմեքենայի պայթյունն արտոնվել է Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների կողմից։
NYT-ի հրապարակման մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգները ոչ մի կերպ չի նպաստել այս ծրագրի իրականացմանը՝ ոչ հետախուզական տեղեկատվություն տրամադրելով, ոչ էլ այլ օգնություն ցուցաբերելով։
Հեղինակների խոսքով՝ Վաշինգտոնում վստահեցնում են, որ նախապես չեն իմացել գործողության մասին, իսկ իմանալու դեպքում կտրականապես դեմ էին լինելու։
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Մոսկվայի Մոժայսկոե խճուղում պայթեցրել են ռուսաստանցի հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինին պատկանող Land Cruiser ավտոմեքենան, որը վարելիս է եղել նրա 30-ամյա դուստրը՝ Դարյա Դուգինան։ Վերջինս տեղում մահացել է: