Հայաստանում մարդահամար կանցկացվի

Հայաստանում հոկտեմբերի 13-ից 22-ը ներառյալ մարդահամարը կանցկացվի։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից։ 

 

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի նիստը։

 

Մարդահամարի նախապատրաստական աշխատանքները կազմակերպվել են ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի 2020 փուլի մարդահամարների անցկացման ուղեցույցներով և ընթացակարգերով՝ բնակչության պետական ռեգիստրից ստացվող հիմնական ցուցանիշների, 25 տոկոս ընտրանքային հարցմամբ մարդահամարի ծրագրով սահմանվող տվյալների հավաքագրմամբ:

 

Հնգօրյա ժամկետում մարդահամարի ծրագրի նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը, որպեսզի հաջորդ փուլով վիճակագրության պետական խորհրդի որոշմամբ հաստատվի մարդահամարի հարցաթերթը:

 

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի պետք է մարդահամար անցկացվեր, սակայն կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված այն հետաձգվեց։ Բյուջեով դրա համար նախատեսված 936.6 մլն դրամը փոխանցվել էր ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:

Քաղաքականություն