
«Մեքենան իմն է, Սուքիասյանների հետ կապ չունեմ»․ քաղաքացին՝ Արաբկիրում հնչած կրակոցների մասին․ Hraparak

Դեկտեմբերի 11-ին կրակոցներ են հնչել Երևանում․ ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արաբկիր 39 փողոցում, բարձրահարկ շենքերից մեկի մոտ կրակոցներ են հնչել։
Hraparak.am-ը գրել էր, որ ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցներից վնասված մեքենան պատկանում է Սուքիասյանների ընտանիքին, մեքենայի պետհամարանիշը համընկնում է նրանց պատկանող համարների հետ։
Հրապարակված նյութից հետո լրատվամիջոցի հետ կապ է հաստատել Արայիկ Ամբատյան ունունով մի քաղաքացի, որն ասել է, թե այդ մեքենան իրեն է պատկանում, իր անունով է գրանցված, ինքը կապ չունի Սուքիասյանների հետ։
«Մեքենան եղել է Արաբկիր համայնքում, ավտոլվացման կետի դիմաց, մենք մեքենան տվել ենք աշխատակցին, որ լվա։ Բանալիներն էլ ավտոլվացման կետի աշխատողի մոտ են եղել։ Մեքենան ընդամենը կայանած է եղել փողոցում, երբ կրակել են։ Ինձ պետք չէ՝ ուրիշի անունը հոլովեմ՝ մեքենայի հետ կապված»,-ասել է նա։
Քաղաքացին հայտնել է, որ ինքը Գյումրիից է և տեղյակ չէ՝ ով է եղել կրակողը։
Հավելենք նաև, որ Auroranews.am-ը կապ հաստատեց պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանի հետ, հասկանալու, թե արդյոք ճիշտ է տեղեկությունը, որ 01 - 015 կամ 015 - 01 համարանիշների սերիան պատկանում է Սուքիասյաններին։ Խոսնակը կտրականապես հերքեց և տեղեկությունը ապատեղեկատվություն որակեց։