
ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարարը Պիրենեյան թերակղզում գտնվող բնակարան է հայտարարագրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ալֆրեդ Քոչարյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:
MediaHub. am-ը գրում է, որ ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարարի հայտարարագրից պարզ է դառնում, որ Պիրենեյան թերակղզու ամենահայտնի զբոսաշրջային քաղաքներից մեկում` պատմամշակութային կոթողներով հայտնի Ալիկանտե քաղաքում ձեռք է բերել բնակարան։ Ալիկանտեն, նշենք, քաղաք է Իսպանիայի Վալենսիա ինքնավար համայնքում։ Նույնանուն մարզի վարչական կենտրոնն է, որը գտնվում է Միջերկրական ծովի ափին։ Քոչարյանը Իսպանիայում գտնվող բնակարանը հայտարարագրել է թե 2019-ին, թե 2020-ին։
Նշենք, որ մեկ բնակարան էլ Երևանում է Քոչարյանը հայտարարագրել, նորից թե 2019-ին, թե 2020-ին։ 2020-ին Քոչարյանը նաև 2,039,916.50 ՀՀ դրամ դրամական միջոց է հայտարարագրել։ 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերում Քոչարյանը նաև հայտարարագրել է 2009 թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա, մոդելը՝ պաշտպանված։
Քոչարյանը 2019-ից 2021 թթ․-ին եղել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալը։