Օրվա լրահոս

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը չի համարում, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետևանքով Հայաստանը պետք է խեղճանա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հրանտ Բագրատյանը։
Հարցին՝ հնարավոր չէ՞ Ռուսաստանի առաջ պահանջ դնել՝ զենք չվաճառելու մասին, ՀԱԿ պատգամավորը բացասաբար արձագանքեց՝ նշելով, թե «ինչո՞ւ պետք է դա անեն... դուք հաշվեք Ձեր գրպանի փողը, ինչո՞ւ եք հաշվում ուրիշի գրպանի փողը։ Իրավունքս ո՞րն ա, ինչ ուզենան կանեն, դուք ձեր անելիքն արեք, հիմա նստենք լացե՞նք սրա համար։ Հիմա Ռուսաստանը վաճառում է, ես, դուք ի՞նչ կարող ենք անել»։

Վերջինս կոչ արեց նաև անընդհատ չմեղադրել միջազգային հանրությանը՝ Ղարաբաղի հարցում անգործություն ցուցաբերելու մեջ։ «Աստված մեզ շանս է տվել մեր երկիրը կարգի բերելու․․․ Հիմա այստեղ քննարկում էր գնում, բայց բոլորը հարցերը ցրում էին, չէին պատասխանում։ Սա ի՞նչ է։ Մի երկու հարյուր միլիոն լիներ բանակն ավելի արդյունավետ կկռվեր։ Խնդիրը լուրջ է։ Բայց մենք անընդհատ գցում ենք ուրիշների վրա»,- շեշտեց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է միայն ներքին համախմբվածությամբ պայքարել արտաքին մարտահրավերի դեմ, երբ չունենք դաշնակիցներ, պատգամավորը համաձայնեց․ «Այո, հնարավոր է, բայց պայմանով, որ ներքին միասնականությունը միայն այնտեղ չտարածվի, այստեղ էլ, ներսում էլ տարածվի։ Չէ՞ որ մենք անհնարինը չենք պահանջում։ Ասելիք չունեն, պատասխաններ չունեն՝ թող գնան։ Բայց հարց տվեցի՝ ցրին»։

Ինչ վերաբերում է Խաչատուր Քոքոբելյանի առաջարկությանը՝ ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ, Բագրատյանն ասաց, որ հարցը դեռ պետք է քննարկել։

Վերջին նորություններ