Օրվա լրահոս

Երեւանը պատրաստվում է ապրիլի 24-ին կայանալիք «Ավրորա» մրցանակաբաշխությանը: Հավանաբար, դուք էլ Երևանի տարբեր հատվածներում նկատել եք «Խիզախություն, Նվիրվածություն, Ազդեցություն» կարգախոսով մրցանակաբաշխության պաստառները։ Մեդիամաքս-ը շրջել է քաղաքի կենտրոնական հատվածներում ու հարցրել երեւանցիներին՝ թե ի՞նչ գիտեն մրցանակաբաշխության մասին:

Աստղիկ Վարդանյան`
«Ավրորա»-ն բարեգործական մրցանակաբաշխություն է, շատ մանրամասներ չգիտեմ, բայց գիտեմ, որ Քլունին է գալու Հայաստան: Հայաստանից դուրս շատ մարդիկ ընդհանրապես տեղյակ չեն մեր երկրի, Հայոց ցեղասպանության մասին: Կարծում եմ, սա հրաշալի հնարավորություն է եւս մեկ անգամ ծանոթացնել ու տեղեկացնել աշխարհին մեր գոյության մասին:

Գոռ Էլչյան`
Սա մի մրցանակաբաշխություն է, որն իր շուրջն է հավաքել լիքը աշխարհահռչակ դեմքեր: Այն ուզում են ամենամյա դարձնեն, ինչը շատ ողջունելի է: Այս մրցանակաբաշխությունը խրախուսում է մարդկանց ավելի բարի լինել, իսկ դա ամենակարեւորն է:

Գայանե Ռուշանյան`
Նկատել եմ քաղաքում տարածված պաստառները: Որքան շատ մարդ իմանա մեր երկրի, պատմության մասին, այնքան ավելի լավ: «Ավրորա»-ի մրցանակի հավակնորդները պայքարում են ցեղասպանության դեմ, այս շրջանակներում կրկին բարձրաձայնվում է նաեւ Հայոց ցեղասպանության հարցը: Կարծում եմ, սա է ամենից կարեւորը:

Արեւ Զեյնալյան`
Մրցանակաբաշխությունը ստեղծվել է մարդասիրական նպատակներով ու կարեւորում է այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը չեն խնայում աշխարհում տարբեր մարդկանց փրկությանն աջակցելու համար: Գիտեմ, որ մրցանակի հավակնորդները չորսն են, ցավոք, նրանց անունները չեմ հիշում: Կարգախոսը շատ լավ եմ հիշել, պաստառներին անընդհատ տեսնում եմ: Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ է նաեւ Ջորջ Քլունին, մրցանակը հանձնվելու է ապրիլի 24-ին Երեւանում, կարծեմ, Մարզահամերգային համալիրում: Այս մրցանակաբաշխությունը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի համար, որովհետեւ նպատակը մարդասիրությունն է:

Մարիա`
Այս պահին մանրամասն չեմ կարող ներկայացնել, թե կոնկրետ ինչ նպատակ ունի մրցանակաբաշխությունը, բայց գիտեմ, որ մարդասիրական է: Գիտեմ նաեւ, որ «Ավրորա» մրցանակի դիզայնի վրա աշխատում են նաեւ Թումո կենտրոնի երեխաները:

Վերջին նորություններ