Օրվա լրահոս

Մի խումբ ֆուտբոլասերներ բաց նամակ են հղել նախագահ Սերժ Սարգսյանին: Երկրպագուները նախագահից խնդրում են միջոցներ ձեռնարկել, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հետևելու Հայաստանի ազգային հավաքականի երևանյան հանդիպումները: Մարտի 26-ին Հայաստանի ազգային հավաքականն Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում մրցելու է Ղազախստանի հավաքականի հետ: Մարտի 3-ից վաճառքի են հանվել այդ հանդիպման տոմսերը, որոնք բավական թանկ են և արժեն 4-ից 10 հազար դրամ: Ֆուտբոլասերները իրենց վրդովմունքն են հայտնել այս առիթով: Նշենք, որ Հարևան Ադրբեջանում ազգային հավաքականի մասնակցությամբ խաղերի տոմսերը՝ մոտ 8 անգամ, իսկ Վրաստանում մոտ 4 անգամ ավելի էժան են: Ինչևէ, բաց նամակում մասնավորապես ասված է. “Մեծարգո պարոն նախագահ, ցավոք սրտի, մենք և հազարավոր այլ երկրպագուներ մեր տղաներին աջակցելու և Հենրիխ Մխիթարյանի խաղով հիանալու հնարավորություն չունենք: Չունենք, քանզի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աննորմալ գներ է սահմանել տոմսերի համար: Հայաստանի հավաքականն այսօր աջակցության մեծ կարիք ունի, սակայն ֆուտբոլի չինովնիկների թեթև ձեռքով մեր թիմի երևանյան հանդիպումներն անցնում են կիսադատարկ տրիբունաների պայմաններում: Այնպիսի տպավորություն է՝ կարծես Հայաստանի հավաքականը Ֆուտբոլի ֆեդերացիայի սեփականությունն է: Հայաստանի հավաքականը Ձերն է, մերն է և բոլոր հայերինը: Պարոն նախագահ, ստեղծված ծանր իրավիճակը միայն Դուք կարող եք շտկել”, -ասվում է նամակում: 

Նյութը` Առաջին լրատվական

Վերջին նորություններ