Կրակոցներ Սպիտակ տան մոտ. ով է կասկածյալը
ԱՄՆ Գաղտնի ծառայության հսկիչ-անցագրային կետի ուղղությամբ շաբաթ երեկոյան կրակ բացած զինված տղամարդը սպանվել է, հայտնել է գործակալության ներկայացուցիչը։
Գաղտնի ծառայության աշխատակիցների պատասխան կրակի հետևանքով վիրավորված կասկածյալը մահացել է բժշկական հաստատությունում։ Դեպքի պատճառով վնասվածքներ է ստացել նաև պատահական անցորդը, իսկ Գաղտնի ծառայության գործակալների շրջանում տուժածներ չկան։
Ինչպես նշել է Գաղտնի ծառայության ներկայացուցիչը, միջադեպի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եղել է Սպիտակ տանը և չի տուժել։
Կասկածյալը 21-ամյա Նասիր Բեստն է, ով 2025 թվականի հուլիսին ևս առնչություն էր ունեցել Գաղտնի ծառայության հետ, երբ Սպիտակ տուն ներթափանցելու փորձից հետո ձերբակալվել ու հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված տեղափոխվել էր հոգեբուժական բաժանմունք։
Հրաձգությունը տեղի է ունեցել Սպիտակ տան հարևանությամբ՝ հյուսիս-արևմուտքում գտնվող 17-րդ փողոցի և Փենսիլվանիա պողոտայի խաչմերուկում՝ Էյզենհաուերի վարչական շենքի մոտակայքում։ Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ արձակվել է 15-ից մինչև 30 կրակոց։ Սպիտակ տան Հյուսիսային մարգագետնում գտնվող լրագրողները հայտնել են, որ արևելյան ժամանակով մոտավորապես 18:00-ին լսել են կրակոցների ձայներ, որից հետո ԱՄՆ Գաղտնի ծառայությունը նրանց ներս է տարել։ Սպիտակ տանը կիրառված արգելափակման ռեժիմը դադարեցվել է տեղական ժամանակով ժամը 19:00-ի սահմաններում։