Օրվա լրահոս

ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Իսկ մինչ այդ նա նկատեց, թե հիմա շատերը հարցեր են տալու՝ արդեն համաձայնեցնելով նրա հետ, գովելով, թե ինչ դիրքորոշում ունեն և ձևացնելով, թե ամբողջ կյանքում Փաշինյանի դիրքորոշումներում համոզված կողմնակիցներ են եղել: «Իմ տարբերությունն այդ հարցեր տվողների հետ լինելու է մեկը՝ հի՞շում եք երկար տարիներ առաջ, երբ սրճարաններից մեկում նստած էինք, ասացի, որ ամբողջությամբ կիսում եմ Ձեր դիրքորոշումները»,-ասաց նա և թվարկեց՝ կոռուպցիայի դեմ պայքար, արդար ընտրություններ, համակարգի փոփոխություն: Նա նշեց, որ այդ ամենն ասում է, միաժամանակ խնդրում նիստին հետևող քաղաքացիներին՝ այլ բան չկարծեն: «Ինձ համար կարևորն այն է՝ ընդունում եք արդյո՞ք, որ այս 5-6 ամիսների կադրային քաղաքականությունում եղել են որոշակի ձախողումներ, տենո՞ւմ եք հնարավորություն՝ դրանք փոփոխելու և որոնելու պիտանի կադրերի, արդյունք ունեցող՝ անկախ քաղաքական պատկանելությունից»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նախ նկատեց, թե չի կարող ուրանալ ճշմարտությունն իրեն ուղղված խոսքերի մասին. «Այո հիշում եմ»: Ինչ վերաբերում է կառավարությանը, ապա համաձայնեց, որ կառավարությունն անթերի չէ, սխալներ գործում է և գործելու է: «Աշխարհում չկա որևէ կառավարություն, որ սխալներ չի թույլ տալիս: Այն, ինչ որ մենք ուզում ենք անել ու արել ենք, աննախադեպ է, և նույնիսկ ձեր նշած իդեալական կադրերը, ենթադրենք, ունենք, իրենց էլ մինչև վերջ պարզ չեն լինելու պարամետրերը, այն, ինչ ուզում ենք անել, որովհետև այն, ինչ ուզում ենք ստանալ, դրա տեսությունն ամբողջական չէ: Հիմա կա հեղափոխական տրամադրություն և ոչ թե, ինչպես ասում են, հակահեղափոխական, քանի որ մի քիչ նեգատիվ է հնչում, այլ մինչհեղափոխական տրամադրություն, որոնք հակակշիռ են իրար: Ես ձեզ ուզում եմ ասել, որ միանշանակ մերժում եմ այն տրամաբանությունը, որ ասում էին՝ «պոլի փետ լինի, մերը լինի»: Մերժում եմ այդ տրամաբանությունը, բացառվում է դա»,-ասաց նա:

Վերջին նորություններ