Օրվա լրահոս

Շանթ Հարությունյանին բանտից հանելու համար պետք է ուժային գործողություն: Այսօր ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ կեսլուրջ- կեսկատակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, արդեն 5 ամիս է` ինքը Շանթ Հարությունյանին խնդրում է բանտից դուրս գալ, բայց նա չի համաձայնում` ոչ համաներումով, ոչ բաց կալանքով ռեժիմը փոխարինելով, ոչ վաղաժամկետ պայմանական ազատմամբ: «Արդարացի պահանջ է ներկայացնում, ասում է` թող ինձ արդարացնեն»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ դրանով պետք է զբաղվի ոչ թե ՀՀ վարչապետը, այլ նրա փաստաբանները: «Ես առաջին օրից բախվել եմ այդ երևույթին: Ես մտել եմ վարչապետի սենյակ ու ինձ անընդհատ մեսիջներ են եկել, որ դատավորները սպասում են իրենց ասեն, թե ինչ պետք է անեն: Ասել եմ` ես չեմ ասելու»,- ասաց Փաշինյանը: Նա նաև նշեց, որ ցանկություն չունի վերադառնալ նախկինում գործող կարգին, և հիշեց հայտնի անեկդոտն այն մասին, երբ անբարոյականին հարցնում են, թե ինչպես դարձար այդպիսին, ասում է` քեզ պես հարցուփորձ անելով: Հիշեցնենք` 2013 թվականի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները Երևանի Ազատության հրապարակից «անոնիմուսների երթ» էին սկսել: Երթը Մաշտոցի պողոտայում վերաճեց ոստիկանների հետ բախման։ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները ձերբակալվեցին և խուլիգանության հոդվածով դատապարտվեցին ազատազրկման։ «Նոյեմբերի 5-ի» գործով դատապարտվեցին 14 մարդ։ Այժմ անազատության մեջ է միայն Շանթ Հարությունյանը:

Վերջին նորություններ