Օրվա լրահոս

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի, թե ո՞ւմ նկատի ուներ ինքը, երբ ասում էր, որ առաջիկայում երրորդ հանրապետության ընթացքում պատգամավորի կողմից ամենախոշոր կաշառք տալու դեպքի վերաբերյալ բացահայտում է ստացվում, ասել է. "Եկեք ոչ մի բան չասեմ, որ չստացվի, թե պիտակավորում եմ անում"։ Հարցին, թե ինչ չափի գումարի մասին է խոսքը՝ Փաշինյանն ասաց. "Կարծում եմ՝ ավելի խոշորներն էլ կբացահայտվեն, բայց սա դեռ բացահայտվածներից ամենախոշորն է։ Ես ասեցի, որ մենք սպասում ենք թղթի։ Դրա պաշտոնական պատասխանի ոչ պաշտոնական թուղթը ֆաքսով է ուղարկվել, որն այսօր ունենք",- նշեց նա։ Հիշեցնենք, որ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ հատուկ նիստում բացահայտեց, որ պատգամավորներից մեկի նկատմամբ գործ է քննվում. ՙԴա կաշառքի գործ է, մի քիչ էլ կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ, երեք ամիս է այդ թուղթը չի գալիս: Մի քիչ մեր դեսպանատունը լավ չի աշխատում, մի քիչ գուցե էդ երկրի հետ որոշ կապեր կան, որ ձգում են: Տարբերակ չկա, էդ պատգամավորը կալանավորվելու է, որովհետև դա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իրա թելերով տանելու ա էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից,- ասել էր Փաշինյանը: Իրավապահ համակարգից առայժմ չեն շտապում տեղեկություններ տրամադրել վարչապետի սկանդալային հայտարարության վերաբերյալ։ ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը Irakanum.am-ին ասաց, որ այս պահին տվյալ հայտարարության վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկություններ չունեն։ Իսկ Ֆակտոր Էյ Էմ-ի տեղեկություններով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ԱԺ-ում ունեցած ելույթի ընթացքում նշած պատգամավորը, ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն է: Լրավամիջոցի տեղեկություններով, գործը վերաբերում է Պողոսյանի պաշտոնավարման տարիներին կատարված գործարքի։ Լուրը կայքը փորձել է ճշտել նաև Հատուկ քննչական ծառայությունից, որտեղից չցանկացան ո՛չ հերքել, ո՛չ հաստատել մեր տեղեկությունը, միայն ասացին՝ չեն մեկնաբանում: Փորձել են կապ հաստատել նաև Միհրան Պողոսյանի հետ, սակայն ապարդյուն:

Վերջին նորություններ