Օրվա լրահոս

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանն անհիմն է համարում իրեն առաջադրված մեղադրանքը։ Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողները Հայկ Սարգսյանից հետաքրքրվեցին՝ արդյոք նա դատարանից արդարադատության ակնկալիք ունի՞, ինչին ի պատասխան ՝ Սարգսյանն ասաց. «Իհարկե»։ Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելու հատկանիշներով։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում: Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։

Վերջին նորություններ