Օրվա լրահոս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ի հետ հարցազրույցում անդրադարձել է վերջերս Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ խոսակցությանը։ Նա նախ նշել է, որ ադրբեջանցի իր գործընկերոջ հետ չեն քննարկել հակամարտության կարգավորման ուղիները։ «Այն, ինչը ես պարոն Ալիեւի հետ քննարկել եմ, ղարաբաղյան հակամարտության լուծում չէ։ Մենք իրականում քննարկել ենք, թե ինչպես այնպիսի իրադրություն ստեղծենք, որը խաղաղ բանակցությունների հնարավորություն կտա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ անհնար է լուծման մասին խոսել՝ չունենալով դրան հասնելու համար անհրաժեշտ պայմանները: Ինչպես նշում է Փաշինյանը, Դուշամբեում զրույցի ժամանակ իրենք քննարկել են այն փաստը, որ իրավիճակը չափազանց լարված է, որպեսզի հնարավոր լինի փաստացի անցնել ցանկացած լուծման: «Հենց այս պատճառով իրենք աշխատում են այն ուղղությամբ, որ լարվածությունը նվազեցվի», - ասել է Փաշինյանը՝ հերստին հաստատելով, որ բանակցային գործընթացը պետք է ընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: «Ձեւաչափը երբեք չի եղել բանակցությունների հարց, եւ մենք ոչ մի փոփոխություն չենք պահանջում»,- հավելել է նա: Փաշինյանը, սակայն, հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը հայտարարել է, թե չի ցանկանում խոսել Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: «Ղարաբաղն ինչպե՞ս կարող է Ադրբեջանի իշխանության տակ լինել, եթե Ադրբեջանը նրանց հետ, Ղարաբաղի ժողովրդի հետ նույնիսկ չի խոսում: Սա հստակ ցույց է տալիս այն, թե Ադրբեջանն ինչ է ուզում անել Ղարաբաղի հետ՝ ստանալ հողը, այլ ոչ ժողովրդին: Նրանց գլխավոր մտահոգությունը Ղարաբաղն իր բնակիչներից մաքրելն է»: Հիշեցնենք, ՀՀ վարչապետը սեպտեմբերի 29-ին, Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումից վերադառնալով, ասել էր, որ Ալիևի հետ «ոտքի վրա» հանդիպման ընթացքում որոշվել է օպերատիվ կապ հաստատել: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ կապն առ այսօր էլ հաստատված չէ:

Վերջին նորություններ