Օրվա լրահոս

Գործարար Սիլվա Համբարձումյանը ՀՔԾ կանչվել է հարցաքննության որպես կասկածյալ, այնուհետև դարձել է որպես վկա։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Համբարձումյանն ասել է, որ ՀՔԾ կանչվել է Մարտի 1-ի քրեական գործի նախաքննության շրջանակներում, ճիշտ նույն օրը, երբ ձերբակալվեց գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը։ Նա տեղեկացրեց, որ գումարի կանխիկացում և փոխանցում է ունեցել, ինչն էլ հիմք է դարձել, որ իրեն կանչեն նախաքննական մարմին որպես կասկածյալ։ Գումարի շրջանառության մասին տվյալները, ըստ Համբարձումյանի, բանկն է հայտնել իրավապահ մարմիններին։ Նա տեղեկացրեց, որ Մայրապետյանին ձերբակալելու օրը ինքը ՀՔԾ-ում առերեսում է ունեցել նրա հետ։ Հարցին, թե գումարային փոխանցումները Մայրապետյանի՞ն են կատարվել և ընդհանրապես, ի՞նչ կապ ունի դա Մարտի 1-ի դեպքերի հետ, Համբարձումյանը պատասխանեց. «Դե գիտեք, ինչ-որ վճարումներ են արվել կրակողներին, այդ խնդիրն է։ Ես այդ հարցում մաքուր եմ, պարզապես, ես այդ օրերին ունեցել եմ կանխիկացում ու փոխանցում, որը արել եմ Մայրապետյանին։ Նրա հաշիվները ստուգելուց են ինձ կանչել ՀՔԾ։ Եթե փոխանցում չլիներ, ինձ չէին կանչի»։ Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն, որի վարույթում գտնվող քրեական գործի շրջանականերում է հենց Մայրապետյանը ձերբակալվել է, մինչև այժմ չի հրապարակել տվյալներ, թե ինչ հիմքով են նրան ձերբակալել և արդյոք մեղադրանք առաջադրվել է, թե ոչ։

Վերջին նորություններ