Օրվա լրահոս

Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) ու Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ) մահվան հանգամանքները պարզվում են, բայց նախնական վարկած արդեն կա։ Ըստ նախաքննական հիմնական կանխավարկածի, գույքային հարցերի հետ կապված վիճաբանությունն է։ Այլ վարկած այս պահին չկա։ Այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։ «Ականատես եղել է, հարցաքննվել է, քրեական գործով ինչ կա հանրությանը հայտնի է, մամուլում լավ լուսաբանվել է։ Քննությունը կզարգանա, առավել մանրամասն կհայտնենք»,– ասաց Գրիգորյանը։ Անդրադառնալով Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության վարկածին` ՔԿ պետը նշեց, որ քրեական գործն ընդամենը մեկ օր առաջ է հարուցվել, ուստի նախաքննական մարմինը դեռ դիտարկում է թե ինքնասպանության և թե այլ հնարավոր վարկածներ, բայց այդ մասին դեռ վաղ համարեց հայտարարություն անելը։ Հիշեցնենք` հոկտեմբերի 6-ին Երևանի «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում հրազենային վնասվածքից մահացել էր Կարո Կարապետյանը: Նույն ռեստորանային համալիրից ՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել Սարգիս Ավագյանը։ Պարզվել էր, որ դեպքի վայրում հայտնաբերված «Պիետրո-Բերետտա» ատրճանակը, որով սպանվել էր Կարապետյանը, պատկանում է Հարություն Ղարագյոզյանին։ Նա դրանով պարգևատրվել էր ՀՀ վարչապետի որոշումով՝ 2001 թվականին։ Դեպքի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, Զովունիում գտնվող շինություններից մեկում հայտնաբերվել էր Հարություն Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։ Մահացածի աջ ձեռքում կար ատրճանակ։ Նախնական տվյալներով՝ Հ․ Ղարագյոզյանն ինքնասպանություն էր գործել։ Ինչ վերբերում է ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման գործին ապա, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի խոսքով, դրան կանդրադառնան Ֆրանկոֆոնիայից հետո: Գործը Քննչական կոմիտեի վարույթում է, կատարվել եւ կատարվում են քննչական եւ դատավարական գործողություններ գործը բացահայտելու համար եւ գործի առանձնահատկությունից ելնելով ճիշտ չէ մանրամասների հրապարակումը։

Վերջին նորություններ