Օրվա լրահոս

Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆա Օզմենը «Ermenihaber.am»-ի հետ զրույցում հայտնեց, որ որդին ազատ է արձակվելու, և նա պատրաստվում է սեպտեմբերի 24-ին գալ Հայաստան՝ տղային տանելու: «Որդիս տուն է գալիս: Ինձ Հայաստանից փաստաբանը զանգահարեց և ասաց, որ որդիս «արդարացվել է», կարող եմ գալ և տանել: Երկուշաբթի Հայաստանում կլինեմ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ջանք գործադրեցին որդուս վերադարձը ապահովելու համար»,-ասել է Մուստաֆա Օզմենը: Ի դեպ, տղայի հայրը որդուն վերադարձնելու խնդրանքով դիմել է Հայաստանի կառավարությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Հայաստանի կառավարությանը և երկրի ղեկավարին աղաչում եմ, որ իմ երեխային որքան հնարավոր է շուտ բաց թողնեն, վերադարձնեն իր ընտանիքին Թուրքիա, որքան հնարավոր է շուտ վերադառնա իր սովորական կյանքին՝ դպրոց, քոլեջ: Իր մայրը աղաչում է, որ օգնեք հետ վերադարձնեն մեր տղային: Այս անհանգիստ վիճակից նա առողջապես վատ վիճակում է»,-նշել է տղայի հայրը: Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացի 16-ամյա Ումութ Ալի Օզմենը հուլիսի 24-ին հատել էր հայ-թուրքական սահմանը և կալանավորվել: Նա Թուրքիայի Աքյայայի շրջանի Քյուչուքդուրդուրան գյուղի բնակիչ է: Սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը անչափահասների քրեակատարողական հիմնարկում հանդիպել է 16-ամյա տղային: Ախոյանը հերքում է թուրքական մամուլում շրջանառվող լուրերը, թե Օզմենի պահման պայմանները անբավարար են: «Երեխա է, ով պատահականությամբ սահմանը խախտել էր: Հանդիպեցի նրան, տեղի ունեցավ խոսակցություն, ջերմություն զգաց, զանգահարել էր ծնողներին ասել էր, որ իր մոտ ամեն ինչ լավ է»,-ասել է Արագած Ախոյանը: Արագած Ախոյանը տեղեկացրեց, որ խոսել համապատասխան պաշտոնյաների հետ տղայի ճակատագրի հարցով:

Վերջին նորություններ