Կուզենայի՝ ինձ դիմեին «պարոն նախագահ», այլ ոչ «պարոն վարչապետ»,․ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին
Այն բանից հետո, ինչ Հայաստանում քրեական գործ հարուցեցին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, վերջինս որոշեց քաղաքականություն վերադառնալ և, կարծեք թե, դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր հակառակորդը։ Նախկին նախագահը հարցազրույց է տվել ռուսական Коммерсантъ-ին։ Նա խոսել է իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերական հարաբերությունների, Փաշինյանի և հայկական իրականության մասին։
Ըստ Քոչարյանի՝ իր նախագահության 8 տարիները բավարար ժամանակ էին ոչ միայն հայ-ռուսական ռազմատնտեսական, այլև Վլադիմիր Պուտինի հետ անձնական հարաբերությունների ձևավորման և զարգացման համար։ Նա ընդգծել է, որ երկու նախագահները երբևէ իրար չեն խաբել։
«Մեր հարաբերությունները շարունակվել են նաև իմ նախագահությունից հետո։ Ես դա չեմ ցուցադրել և չեմ փորձե որևէ կերպ կապիտալիզացնել»,- ասել է Քոչարյանը։
Պատասխանելով մայիսին Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխության» վերաբերյալ հարցին՝ նա ասել է, - «Մտածում եմ՝ հոգնել էին նախկին իշխանություններից, լճացման տպավորություն կար։ Հակառակ դեպքում՝ դժվար թե նման զանգվածային շարժ ստացվեր։ Նման իրավիճակներում իշխանության գալը հեշտ է, ավելի դժվար է հեռանալը։ Դու պետք է հեռանաս արժանապատվությամբ և իրական արդյունքներով։ Այս 4 ամիսները ցույց տվեցին, որ դեռևս խնդիրների կենտրոնացում է տեղի ունենում գործնականում գրեթե բոլոր ուղղություններով»։
Քոչարյանն ընդգծել է, որ դա հենց հիմնական պատճառներից մեկն է, թե ինչու է նա քաղաքականություն վերադարձել։
«Հարցն այն չէ, որ ես իշխանություն եմ փնտրում: Ես այն տասը տարի չեմ փնտրել: Կարիերայի բոլոր հնարավոր բարձունքները ես վերցրել եմ: Այո, ես կուզենայի, որ ինձ դիմեին «պարոն նախագահ», այլ ոչ «պարոն վարչապետ», առաջինն ավելի լավ է հնչում: Բայց հարցը կոնկրետ պաշտոն զբաղեցնելու ձգտումը չէ, այլ հստակ գիտակցումը, որ այժմ տեղի ունեցող իրադարձությունները պարզապես անընդունելի են երկրի համար: Դա բոլորովին այլ կերպ է քեզ մոտիվացնում: Մնալ անկյունում կանգնած և անտարբեր լինել տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, ես դա ինձ պարզապես չէի ների»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին համեմատել է Ուգո Չավեսի հետ և երկնաքար անվանել, որը շուտով կայրվի։