Օրվա լրահոս

Առավոտյան 8:30 եկել են, տարել իմ համակարգիչը և մյուս համակարգիչների կոշտ սկավառակները, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով կայքի խմբագրությունում այսօր առավոտից 6-րդ վարչության ու ՔԿ կողմից իրականացվող խուզարկությանը, որն ավարտվեց քիչ առաջ, ասաց YerevanToday լրատվական կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը: «Առգրավել են իմ համակարգիչը, ընդ որում կրկնակի ստուգումների արդյունքում է եղել ու առանց հիմնավորման», - նշեց նա: Հակոբյանը նկատեց, որ հավանաբար պատճառն այն էր, որ տեխնիկական խնդիրների պատճառով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային զրույցի գաղտնալսումն ավելի շուտ է հրապարկվել կայքում, մինչդեռ, նրա խոսքով, դա եղել է տեխնիկական սխալ և այդ ձայնագրությունը YerevanToday-ում ամենաուշն է հայտնվել, քանի որ ի տարբերություն մնացած կայքերի՝ իրենք տեղադրել են ձայնագրության ամբողջ սղագրությունը: «Ստուգել են ամեն ինչ, նույնիսկ ինձ թվում էր, որ 2014թ–ից մեր գրած լրատվությանը ծանոթ են, որովհետեւ կարդացել են, լավ ինֆորմացված են, ինչ ենք գրել այդ ընթացքում։ Եկել էին 9 հոգով, բայց 9 հոգով գալը չի նշանակում, որ մենակ էին, որովհետեւ զանգում էին, խորհրդակցում էին, անընդհատ ինչ–որ բաներ էին խոսում եւ ինչ–որ մեծ համակարգ էր աշխատում, հիմա թե ինչի համար էր այդ համակարգն այստեղ ուղղորդվել ես դժվարանում եմ ասել, մենք կհասկանաք՝ ինչ է կատարվում եւ հանդես կգանք ասուլիսով»,–ասաց Սեւակ Հոկոբյանը։ «Ես փաստորեն զրկվում եմ աշխատելու հնարավորությունից, մեր երեխեքը զրկվում են աշխատելու հնարավորությունից, որովհետեւ 4-5 սկավառակներ են տարել եւ փաստորեն խմբագրության աշխատանքը պարալիզացված է, եւ իրենք չեն կարող ասել, թե երբ կվերադարձնեն։ Նրանք այդ ամենը կապարաքնքեցին եւ «Երեւան Սիթիի» տոպրակներով տարան»,–հավելեց նա։ Սեւակ Հակոբյանը նշեց նաև,որ ոստիկանության գործողությունները կատարվել են կոպիտ խախտումներով, նույնիսկ իրենց փաստաբաններին են դժվարությամբ ներս թողել: «Իրենք արձանագրեցին, որ ինչ–որ փնտրում էին չկա, բայց տարան, դե հիմա ինչ–որ փնտրում էին կգտնեն էլի»,–ասաց նա։ Նա ընդգծեց՝ իրենք փորձել են բացատրել, որ տեխնիկական խնդիր է եղել՝ կապված Googleի հետ՝ նկատելով, որ ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի ասուլսին էլ է կայքում հրապարակման ամսաթիվը 2 օր շուտ ցույց տվել, մինչդեռ ինչպե՞ս իրենք կարող էին երկու օր առաջ իմանալ այդ մասին: «Անպատասխանատու եմ գնահատում ոստիկանության գործելակերպը», - ասաց նա: Սևակ Հակոբյանը նաև նկատեց, որ սա իրենց գործունեությանը վնասելու փորձ էր, որովհետև եթե ոչ մի բան չգտնեն համակարգիչներում, չեն էլ հայտարարելու դրա մասին: Անդրադառնալով խոսակցություններին, թե կայքը պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Սևակ Հակոբյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանը կապ չունի կայքի հետ»:

Վերջին նորություններ