Դուխդ չգցես. վարչապետը զրուցել է հակառակորդի կրակոցից տուժածի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՙՀենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես՚:
Ադրբեջանական կողմը երեկ` սեպտեմբերի 15-ին, կրակել է Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ։ Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնում է, որ կրակոցների հետևանքով խաղաղ բնակիչ է տուժել։
Մոտ 60 տարեկան տղամարդ է վիրավորվել։ Բարեբախտաբար, ոտքն է վնասվել, տարել, վիրակապել, բերել են,- հայտնել է աղբյուրը։
Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը թղթակցի հետ զրույցում ասել է, որ տարբեր ուղղությամբ հնչող կրակոցները մոտ մեկ ժամ են տևել։
Մելիքյանը հաստատել է, որ այդ կրակոցներից մեկի հետևանքով տուժել է գյուղացիներից մեկը։
«Գիշերը, ժամը 12-ի սահմանում գյուղի կենտրոնական հատվածում գտնվող տղամարդկանցից մեկը վիրավորվել է։ Գնդակը դիպել է սրունքի հատվածին»,- ասել է գյուղապետը։
Նրա խոսքով` կրակոցները դադարել են գիշերվա մեկի սահմանում։
Մելիքյանը նշեց, որ առայժմ չեն կարող ասել, թե կրակոցների հետևանքով ինչ վնասներ է կրել գյուղը։