Օրվա լրահոս

Այսօր կայացել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նիստ, որտեղ հարուցվել է վարչական վարույթ՝ «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ ընկերության հանդեպ: Հանձնաժողովից հայտնում են, որ վարչական վարույթի հիմք է հանդիսացել «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցում հրապարակված «Արզնի Կաթ»-ը կարագի փոխարեն բուսայուղով ապրանք է վաճառում. լաբորատոր փորձաքննության արդյունքները» հոդվածը: Ըստ հոդվածի, փորձաքննության են ներկայացվել ընդհանուր առմամբ 11 անվանում լայն տարածում ունեցող տեղական եւ ներկրված սերուցքային կարագի տեսակներ, որից պարզվել է, որ «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերության կողմից արտադրված «Արզնի կաթ» 72.5% յուղայնությամբ տուփով կարագի բաղադրության մեջ առկա է բուսական յուղ: Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է «Ստանդարտ Դիալոգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հաստատված թիվ 788 փորձարկման արձանագրությունը, որից պարզվել է, որ ընկերության կողմից արտադրվող կարագի բաղադրությունում առկա է բուսական յուղ եւ նշված ապրանքը չի համապատասխանում «Կաթի եւ կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով նախատեսված «Կարագ» ապրանքի բնութագրին: Վարույթի ընթացքում հաշվի կառնվեն լրատվամիջոցի կողմից ներկայացված փաստերը, ինչպես նաեւ ՀՀ Մրցակցային մարմինը լրացուցիչ փաստական ուսումնասիրություն կիրականացնի՝ մրցակցային օրենսդրության խախտման, մասնավորապես տնտեսվարողի կողմից հնարավոր անբարեխիղճ մրցակցության դրսեւորման առնչությամբ, որից հետո Հանձնաժողովը կհրապարակի իր որոշումը:

Վերջին նորություններ