Օրվա լրահոս

«Ավրորա Մեդիան» արդեն օրեր շարունակ բազմաթիվ զանգեր է ստանում ռադիոլսողներից, ովքեր դժգոհում են էլէներգիայի հաճախակի անջատումներից։ Սա համատարած բնույթ է կրում և պարբերաբար մայրաքաղաքի տարբեր հատվածներ հոսանքազրկվում են, ընդհուպ՝ հեռուստաաշտարակը, հետևաբար նաև ռադիոկայաններ և հեռուստաընկերություններ։ Պատահել է՝ միևնույն գիշերը հոսանքը մոտ 5 անգամ անջատել են։ Դա առաջացնում է տեխնիկական բազում խնդիրներ սպառողների համար։ Մասնավորապես, խաթարվում է մարդկանց բնականոն աշխատանքը, խափանվում է տեխնիկան։ Մենք կապ հաստատեցինք Հայաստանի էլեկտրացանցերի մամուլի ծառայություն՝ պարզելու համար, թե ինչով են պայմանավորված հոսանքի այսքան հաճախակի անջատումները։ Պարզվում է՝ աշխատանքներ են կատարվում, սակայն, թե ինչու է այդ աշխատանքների պատճառով ունքի տեղը աչքը հանվում, չենք կարող ասել։ Այս պահին մեր ռադիոկայանները նույնպես հոսանքազրկված են։ Մեր այն հարցին, թե երբ կվերականգնվի էլեկտրականությունը, պատասխանեցին՝ 1 ժամից, ինչին իհարկե թերահավատորեն ենք մոտենում, հաշվի առնելով դառը փորձը․ աշխատանքներն այստեղ երբեք չեն ավարտվում։ Տեղեկացնենք, որ «Ավրորա Մեդիան» պատրաստվում է դիմել կառավարությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հորդորով՝ ստուգելու այս ընկերության աշխատանքի արդյունավետությունը և հետևանքները, ցավոք մտավախություն կա, որ այն մեթոդները որոնք կիրառում է այս ընկերությունը, ոչ թե լուծում են ոլորտում առկա խնդիրները, այլ դրանց գումարում նորերը։

Վերջին նորություններ