Օրվա լրահոս

Երգչուհի Նունե Եսայանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է վերջին օրերին իր անվան շուրջ առաջացած աղմուկին: Ըստ շրջանառվող լուրերի՝ երգչուհին անօրինական ձեւով տիրացել է Ջրվեժում գտնվող մի տան: «Հինգ տարի առաջ ինձ հարազատ մարդ՝ քրոջս փեսան, խնդրեց, որպեսզի ես «Կոնվերս» բանկում երաշխավոր կանգնեմ: Վստահելով հարազատ մարդուն՝ երաշխավոր կանգնեցի: Մի քանի ամիս նա կարողացավ գումարը մուծել, որից հետո անցան ամիսներ, նա մուծումները դադարեցրեց, եւ «Կոնվերս» բանկը սկսեց գումար գանձել իմ անձնական հաշվեհամարից: Դա տեւեց մի քանի ամիս, որից հետո ես խնդրեցի բանկին՝ լուծում գտնել»,- պատմեց երգչուհին: Վերջինս ներկայացրեց բանկի առաջարկած լուծումները՝ կամ տունը մնում է բանկին եւ աճուրդով վաճառվում, կամ երաշխավորը վճարում է եւ տունը փրկում: «Ես ընտրեցի երկրորդ տարբերակը, որպեսզի փրկեմ «հարազատներիս» եւ նրանք դրսում չհայտնվեն: Դա հինգ տարի առաջ էր, հետո վեց ամիսը մեկ խնդրում էի՝ մի քիչ գումար տան, որպեսզի քիչ-քիչ վճարեն, հարցն էլ լուծում ստանա»,- հինգ տարի անց, գումարը չվերադարձնելուց հետո, իրավաբանների հետ խորհրդակցելով՝ Նունե Եսայանը որոշում է ոստիկանություն դիմել եւ ստիպել պարտքի դիմաց տունն ազատել: Երգչուհին ասաց, որ նամակով դիմել է անգամ Վալերի Օսիպյանին: Իսկ մի քանի օր անընդմեջ համացանցը ողողած զրպարտության եւ խղճահարություն առաջացնող լուրերի մասին ասաց, որ հերքում է պահանջել եւ հարազատները պատրաստվում են նամակ-հերքում հրապարակել: Երգչուհին գտնում է, որ սա հատուկ արված շանտաժ է, եւ որ այդ մարդիկ, շահարկելով «Նունե Եսայան» անունը, փորձել են պահել իրենց տունը:

Վերջին նորություններ