Օրվա լրահոս

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարել է հրաժարական ներկայացնելու մասին: Նա իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում, որը ներկայացնում ենք ստորև. «Կառավարության երեկվա նիստում քննարկվում էր պարտադիր կուտակային համակարգի ամբողջական ներդրման հարցը։ Դուք տեղյակ եք իմ դիրքորոշմանը, որը ես հայտնել եմ դեռ տարիներ առաջ՝ համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ։ Նշանակվելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իմ դիրքորոշումը հայտնել եմ պարտադիր բաղադրիչի ամբողջական ներդնումը 1 տարով հետաձգելու և հանրային քննարկումների միջոցով համակարգը փոփոխելու տեսքով՝ շահառուների համար գրավիչ տարբեր լուծումներ տալու, առանցքում ունենալով ազատ կամահայտնության սկզբունքը։ Երկար քննարկումներից հետո պարզ դարձավ, որ իմ առաջարկը չունի կառավարության աջակցությունը։ Փոխարենը առաջ քաշվեց այլ տարբերակ, որն էլ ներկայացվեց և հաստատվեց կառավարության նիստում։ Այս հարցը սկզբունքային նշանակություն ունի ինձ համար։ Պարտադիր բաղադրիչը չուներ և չունի հանրության աջակցությունը, և դրա պատճառները բազմաթիվ են և բազմաշերտ։ Այս գրառումով ես դադարեցնում եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի իմ լիազորությունները, որոնք եղել են բացառապես ՀՀ քաղաքացիներին ծառայելու գործիքներ։ Այսօրվանից, արդեն որպես քաղաքացի, շարունակելու եմ ուշի-ուշով հետևել քաղաքական բոլոր զարգացումներին, ջանք չխնայելով հայոց պետականության կայացման համար»:

Վերջին նորություններ